Ֆիթչը Երևանին տվել է կայուն B+ վարկանիշ
EconomicsՖիթչ միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային ռեյթինգը սահմանել է B+, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:
Ինչպես հաղորդում է Ֆիթչի պաշտոնական կայքը, Երևանի այս վարկանիշը վկայում է Հայաստանում պետականից ցածր մակարդակի միավորների թույլ ինստիտուցիոնալ շրջանակները, որն արտացոլվել էր նաև Հայաստանին տրված B+ կայուն վարկանիշով: Միաժամանակ, վարկանիշը վկայում է Երևանի` որպես երկրի մայրաքաղաքի առավել բարվոք կարգավիճակի մասին, որն արտացոլվում է քաղաքի բյուջեի կատարողականով, հիմնավորվում է կենտրոնական կառավարության կողմից կայուն ֆինանսական հատկացումներով և քաղաքի` պարտքերից ազատ լինելու հանգամանքով:
Վարկանիշի տրամադրման հարցում ընկերությունը հիմնվել է մի քանի կարևոր ցուցանիշների վրա, մասնավորապես՝ հարկային եկամուտների ապահովումը, բյուջեի կատարողականը և այլն:
Ֆիթչը կանխատեսում է, որ 2016թ-ի քաղաքի գործառնական եկամուտները կհասնեն մոտ 78 միլիարդ դրամի` ապահովելով 3 տոկոս աճ: Ընկերությունը միաժամանակ նշում է, որ Երևանը դրականորեն օգտվում է իր մայրաքաղաքային կարգավիճակից:
«Այն երկրի տնտեսական և ֆինանսական կենտրոնն է` ամենամեծ շուկայով և զարգացած ծառայությունների ոլորտով: Երևանը երկրի ամենամեծ քաղաքային տարածքն է, որտեղ ապրում է երկրի բնակչության 36 տոկոսը»,- նշվում է Ֆիթչի հաղորդագրության մեջ:
Վարկանիշային ընկերությունը նաև շեշտում է, որ երկրի սուվերեն վարկանիշի փոփոխությունը հայելային կերպով կանդրադառնա նաև Երևանի վարկանիշի վրա: