Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.Երեկ այն բացառիկ, երջանիկ օրերից էր, որ հնարավորություն ունեի զբաղվելու սիրած գործով` նստել բազմոցին և հեռուստացույց դիտել: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով վերջին տարիներին այդպիսի շռայլություն գրեթե ոչ մի օր չեմ կարողացել ինձ թույլ տալ, հատկապես գումարած այն հանգամանքը, որ զզվելի և տափակ հեռուստասերիալները ուղղակի սպանում են օրվա մեջ գոնե մեկ ժամ իրականությունից կտրվելու և հեռուստաէկրանից որևէ նորմալ բան դիտելու ցանկությունը: Երեկ, սակայն, կիրակին անցկացրեցի էկրանների առաջ և, ի զարմանս ինձ, տեսա Էրեբունի-Երևան տոնի առթիվ կազմակերպված գրեթե անթերի եթեր Հանրային հեռուստաընկերության մատուցմամբ, երբ առանց ավելորդ տաշի տուշիների և գլամուռ անուղեղ թռչնակների` ներկայացվեց բարձրակարգ փաստագրական և այժմեական հաղորդումների հրաշալի փունջ: Ես տեսա և իմացա այն ամենը, որ հնարավոր չէր տեսնել և իմանալ մասնավոր զրույցներում, փողոցում, կենցաղում, և հենց դա է հեռուստատեսության գործառույթը` տալ այն, ինչը հասանելի չէ կենցաղում...
Հուսով եմ, որ հեռուստաընկերությունները ճիշտ կընկալեն իրենց դերակատարումը և հեռուստադիտողի համար կդառնան այն ֆիլտրը, որը զտում է հեռուստաաղբը և տալիս է այն, ինչը ոչ թե գռեհկացնում ու կոպտացնում է մարդուն, այլ այն, ինչը կրթում է, դաստիարակում և բարձրացնում է մարդու սոցիալական նշաձողը...
Համենայն դեպս այն, ինչ երեկ տեսա էկրանից, ինձ մոտ հույսեր է ներշնչում...