«Ուրարտու»-ի նախագահը պարզաբանել է, թե ինչու է ակումբը դուրս եկել Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից
SportԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Արա Պողոսյանը հայտարարում է, որ հայկական ակումբը մեծ խոչընդոտների է հանդիպել Ռուսաստանի Սուպերլիգայի 1-ում:
«Մի քանի օր առաջ մենք որոշում կայացրինք, որ դուրս ենք գալիս Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից: Որոշում ընդունեցինք տարբեր պատճառներով՝ ոչ միայն ֆինանսականը հաշվի առնելով: Ռուսաստանի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ կրեինք:
Մեր խաղացողներն էլ վնասվածքներ էին ստանում և ըստ կանոնադրության չէինք կարող ուրիշների բերել: Մենք հաշվի էինք առել նման ռիսկերը, բայց եղավ այն, ինչ եղավ: Հիմա էլ մեր մարզիկներն առանց ֆինանսական խնդրի կհեռանան:
Բոլորի աշխատավարձերը կտրվեն, ոչ մեկ երկրից չի հեռանա պարտքով: Անկախ ամեն ինչից` մենք հնարավորություն չունեինք հաղթելու: Բազմաթիվ խոչընդոտներ ստեղծվեցին կկազմակերպիչների կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ «Ուրարտու»-ն այդ առաջնությունում եղել է որպես հյուր, և Ռուսաստանի ֆեդերացիան չէր աջակցում թիմին: «Դատավորները վերջին 3-4 խաղերում չէին թաքցնում, որ մեր դեմ ենք խաղում: Մեր բյուջեն ամենափոքր թիմից 2 անգամ քիչ էր, բայց դա չէր նշանակում, որ «Ուրարտու»-ն թույլ թիմ է»,-ասաց նա:
«Ուրարտու»-ն չի լուծարվել, այլ դադարեցնում է ելույթները Սուպերլիգայում: «Հնարավոր է, որ խաղանք Վրաստանի առաջնությունում կամ այլ միջազգային կամ ընկերական մրցաշարերում: Լիահույս եմ, որ թիմի խաղացողները կկարողանան ակումբներ գտնել և կխաղան՝ մարզավիճակը պահպանելու համար»,-եզրափակեց Պողոսյանը:
Դեկտեմբերի 2-ին Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը որոշում կայացրեց, որ չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: