Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին
SocietyԳեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքապետարանների, համայնքների կրթամշակութային հաստատությունների եւ այլ հիմնարկների աշխատակիցները, դպրոցականները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցող քաղաքացիների երթը սկսվեց առավոտյան ժամը 11-ից եւ շարունակվեց օրվա ընթացքում: Ծաղկեդրումից հետո Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հարգանքի տուրքը շարունակվեց մոմավառությամբ:
Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ եւ մյուս գործող եկեղեցիներում կատարվեց մասնավոր հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից ստացված տվյալներով՝ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ մարզի մյուս համայնքներում, կրթական հաստատությունններում:
«Հայաստանին պատուհասած աղետալի երկրաշարժի վերքերը չեն սպիանում արդեն 26 երկար ու ձիգ տարի: Հետագա տասնամյակները, դարերն անգամ չեն կարողանա մեր ժողովրդի հիշողությունից ջնջել բնությունից մեզ հասցված կորուստնե րն ու կսկիծը: Ցավը հաղթահարելու համար ապրողներիս մնում է շարունակել ստեղծագործ ու հայրենաշինական աշխատանքը»,- նշեցին երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցող մի խումբ քաղաքացիներ: