Վարչապետը ճիշտ է համարում «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի մասնաբաժինը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին զիջելու գործարքը
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ և տրամաբանական է համարում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ընդգծեց, որ որևէ անտրամաբանական բան չի տեսնում նրա մեջ, որ կառավարությունը իր ակտիվներով կարող է ինչ-որ բանի դիմաց վճարել:
«Ես դրանում որևէ անտրամաբանական բան չեմ տեսնում, որ դու կարող ես քո ակտիվներով վճարել որևէ բանի դիմաց, հատկապես երբ դու նվազեցնում ես արտաքին պարտքը»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետը համաձայն չէ դիտարկման հետ, թե այդ գործարքը հանգեցրեց նրան, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի համար բարձրացրեց գազի սակագինը: Նա հավելեց, որ բոլոր ժամանակներում Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում:
«Որևէ պահ չի եղել, որ Հայաստանին գազի գինը մատակարվել է տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով»,- նշեց նա:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե «Հայռուսգազարդ»-ի կառավարության մասնաբաժինը «Գազպրոմ»-ին զիջելու գործարքի պահին ինքն աշխատել է «Գազպրոմ» ընկերությունում ու մասնակից է եղել այդ գործարքին՝ վարչապետը պատասխանեց. «Ես «Գազպրոմ»-ում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ և կառավարման մենեջեր երեք կազմակերպությունում: Երեքից ոչ մեկը Հայաստանի հետ որևէ կապ չուներ, ես այդ գործարքին չեմ մասնակցել: Եվ կրկնում եմ՝ ես այդ գործարքը համարում եմ տրամաբանական»: