Հաստատված բյուջեն հնարավորություն կտա 2018թ. թևակոխել վերելքի փուլ. Վարդան Արամյան
EconomicsՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահ է, որ խորհրդարանի կողմից հաստատված 2017թ. պետական բյուջեն հնարավորություն կտա 2018թ. վերելքի փուլ թևակոխել: Ազգային ժողովում «Գնումների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծին:
«Ես ցանկանում եմ առիթն օգտագործել և իմ խորին երախտագիտությունը հայտնել պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բյուջեին: Ես վստահեցնում եմ, որ այս ֆինանսական փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա ստեղծել կայունացման վիճակ 2018թ. և թևակոխել վերելքի փուլ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:
Նախարարը հավելեց, որ իր ելույթներում արդեն առիթ ունեցել է շնորհակալություն հայտնելու Ազգային ժողովի պատգամավորներին բազմաբովանդակ քննարկումների համար:
Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությանբ հաստատել է ՀՀ 2017թ. պետական բյուջեն: Բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: