Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում. Սերգեյ Սմբատյան
CultureԽաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում:
Այս մասին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն` ամփոփելով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի արդյունքները:
«Փառատոնը կայացած է, մենք ունենք ձեռբերումներ: Այս ընթացքում ելույթ են ունեցել հանրահայտ արտիստներ, ներկայացվել է հետաքրքիր ծրագիր` կամերային, սիմֆոնիկ, մանկական ծրագրեր:
Այդ ամենը շատ կարևոր է մշակութային կյանքի համար: Ունենք բացառիկ կատարումներ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը: Փառատոնի շրջանակում ելույթ ունենալու համար Հայաստան են ժամանել հանրահայտ բազմաթիվ արտիստներ` Ջուլիան Միլկիսը, Ջոնաթան Ռուզեմանը, դիրիժոր Ֆլորիան Հելգաթը, Եվգենի Ստարոդուբցևը, Զոհրաբ Թադևոսյանը, Լիլիթ Գրիգորյանը և այլք: Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ տարեցտարի փառատոնը զարգացում է ապրում:
«Զարգացման ձգտում ենք ամեն տարի: Յուրաքանչյուր տարի ունենում ենք շատ ավելի հայտնի մենակատարներ, շատ ավելի բարդ ծրագրեր, կայուն ժամանակացույց: Ձգտում ենք, որ մարդիկ լսեն նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ունենք համերգների օնլայն հեռարձակում, այս ամենը խոսում է փառատոնի որակի մասին»,-հավելեց նա:
Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն պատկերացնում են, թե ինչ շեշտադրումներով կլինի 2017-ի փառատոնը: Կազմակերպիչները ձգտում են աշխարհին ներկայանալ հետաքրքիր մոտեցումներով: Մասնավորապես, 2017 թվականին լրանում է Այվազովսկու 200 տարին, փառատոնի նախաձեռնողները նախատեսում են այնպես անել, որ բովանդակային իմաստը սերտ կապ ունենա Այվազովսկու հետ: 2017 թվականին փառատոնի շրջանակներում կլինեն նաև վարպետության դասեր:
Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ը Երևանում անցկացվում է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: