Մոնսերատ Կաբալյեն Արցախում կերգի հանուն խաղաղության և ԼՂՀ բարգավաճման
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են ընդունել Արցախում: Կաբալյեն Ստեփանակերտում ունեցել է մի շարք հանդիպումներ, զրույցներ, զբոսնել Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ նախատեսվում է նաև երգչուհու և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: «Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ են սպասում Մոնսերատ Կաբալյեի հետ հանդիպմանը: Երգչուհու գրաֆիկը հագեցած է: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը' նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Տեղի կունենա նաև հանդիպում Բակո Սահակյանի հետ: Այն փաստը, որ նման մակարդակի համաշխարհային աստղերը սիրահարվում են Արցախին և կրկին ցանկություն հայտնում վերադառնալու, շատ կարևոր է: Կարևոր, առաջին հերթին այն առումով, որ, փաստորեն, Արցախի զարգացումը ճիշտ ճանապարհով է ընթանում, բացի այդ, կարևոր է նաև Արցախի միջազգային ճանաչման առումով»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Կաբալիեի հանդիպումը նաև Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ: Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ:
Կաբալյեն Արցախ էր այցելել նաև 2013թ. հունիսի սկզբին' չընկրկելով նույնիսկ Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ ջղաձգություններից ու Իսպանիայի ԱԳՆ հղվող նոտաներից: Կաբալյեն հունիսի 5-ին այցելել է Գանձասար և Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, և ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: «...Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար' հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»,- գրել է Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:
2013թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:
Կաբալյեն բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ: Օպերային աստղը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: