ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների
CultureՀՀ պատվիրակությունն ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում արժանացել է 18 մրցանակի` 3 առաջին, 8 երկրորդ և 7 երրորդ տեղ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան դափնեկիրների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը:
ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերի ժյուրիի կազմում ընդգրկված էին Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Սուսաննա Մարտիրոսյանը (ակադեմիական երգեցողություն), Գագիկ Սմբատյանը (ջութակ), Արզաս Ոսկանյանը (ժողովրդական երգեցողություն), Գևորգ Մանասյանը (ազգային նվագարաններ), Մուրադ Հակոբյանը (ազգային պար), Անիտա Հախվերդյանը (Էստրադային երգեցողություն) և Ավետիք Ավետիսյանը (կերպարվեստ):
Մինչ համերգը` ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերի արդյունքներին և հայաստանյան մասնակիցների նվաճումներին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի գեղարվեստական ղեկավար Նելլի Սարգսյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի խորհրդի նախագահ Մարինա Կպրյանը: Ասուլիսին ներկա են գտնվել Դելփյան խաղերի ժյուրիի անդամներ` Արմեն Բաբախանյանը (Եր ևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետիի դեկան, պրոֆեսոր), Ավետիք Ավետիսյանը (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր):
2002 թվականից Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին:
2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին խաղերն առաջին անգամ անցկացվեցին վիրտուալ ձևաչափով: Հայաստանը ներկայացել է 69 շնորհալի մասնակցով (27 անհատ, 2 պարային համույթ, 1 կրկեսային խումբ)` 12 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, կերպարվեստ, ակադեմիական երգեցողություն, էստրադային երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ազգային պար, ժամանակակից պար, հագուստի դիզայն, ազգային նվագարաններ, կրկես, փողային գործիքներ):