«Ես վարչապետին «բալետ եմ անում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հարցազրույց գործարար Արայիկ Հայրապետյանի հետ
Քաղաքական կուլիսներում մի շարք հնչեղ անունների հետ շրջանառվում է նաև գործարար Արայիկ Հայրապետյանի` քաղաքական դաշտ վերադառնալու հարցը, որի առիթով «Փաստը» հանդիպեց նրա հետ:
– Պարոն Հայրապետյան, լուրեր են պտտվում, որ պատրաստվում եք մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
– Ժամանակին հայտարարել եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Երկրում տիրող վերջին զարգացումներին, բարեփոխումներին, որոնք եղան ու շարունակվում են, ես կողմ եմ:
Կարծում եմ, որ եթե կարող եմ մեր ժողովրդին պիտանի լինել, հատկապես՝ առողջապահության ոլորտում, ապա պատրաստ եմ մտնել քաղաքականություն: Թե ինչ ձևով կընթանան զարգացումները, չեմ կարող ասել: Չեմ ցանկանա խոսել իմ կատարած գործերի մասին, բայց մեկ բան ակնհայտ է, որ մինչ օրս ես քիչ բան չեմ արել մեր հասարակության համար, այսինքն՝ պիտանի եմ եղել մեր ժողովրդին:
– Այսօր թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թևերում խմորումներ են գնում գալիք ընտրությունների հետ կապված: Ձեզ առաջարկներ եղե՞լ են:
– Կարծում եմ` բարեփոխումների այս ֆոնին ես պետք է առաջարկներ ստանամ: Եթե առաջարկները լինեն նախկինների նման, ապա այդ գործին չեմ մասնակցի: Երբ մարդիկ կտեսնեն իմ աշխատանքը, գիտելիքները, հնարավորություններն ու կանեն առաջարկ, ես պատրաստ կլինեմ քննարկել դա: Իսկ որ ոլորտում գործունեություն կծավալեմ՝ օրենսդիր, թե գործադիր, այլ հարց է:
Ինչ վերաբերում է ինձ արած առաջարկներին, ապա պետք է ասեմ, որ դրանք եղել են, սակայն դեռևս ընկերական «ֆորմատի» հանդիպումների ժամանակ:
– Քաղաքական ո՞ր բևեռում եք Ձեզ տեսնում, ընդդիմադի՞ր, հաշվի առնելով, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչ եք, թե իշխանական:
– Ես բոլոր լրագրողներին կուզեի մեկ հարց տալ. ՕԵԿ անդամ լինելը թերությո՞ւն է, թե առավելություն: Ուզում եմ նշել, որ չեմ ամաչում իմ անցած ճանապարհից: Այդ կառույցում ես ունեմ շատ լավ ընկերներ, թե ինչու եմ դուրս եկել կուսակցությունից` այլ հարց է, սակայն ամեն անգամ «Արայիկ Հայրապետյան՝ ՕԵԿ նախկին անդամ» գրելիս ի՞նչ են ցանկանում ընդգծել. միգուցե դա գովե՞ստ է: Ես մեկընդմիշտ ուզում եմ փակել այս թեման, մենք ո՛չ երդում ենք տվել ու հետո դավաճանել, ո՛չ էլ կրոնափոխ ենք եղել: Եղել եմ ՕԵԿ–ի թիմից ու հասկացել եմ, որ գաղափարներով մենք համապատասխան չենք:
Ես իշխանամետ եմ: Քանի որ ես կառուցողական դաշտում եմ գտնվում, չեմ կարող քննադատելով կառուցել: Ինձ համար էական նշանակություն չունի, թե ով է իշխանությունը: Հասկանո՞ւմ եք, մարդ չի կարող լինել կառուցող դաշտում ու լինել ընդդիմադիր:
– Ինչպես Ձեր խոսքից հասկացանք, ՕԵԿ–ին՝ այժմյան «Հայկական վերածնունդին» չեք միանա, այո՞:
– Ես մեկ անգամ ասել եմ, կկրկնեմ՝ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում:
– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ «բալետ եք անում» գործող վարչապետին. ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պարզապես հավանում եմ նրա տեսակը: Այդ մարդը՝ խելացի է, ճկուն: Ասեմ, որ մեր բախտը բերել է, որ նա համաձայնվել է աշխատել վարչապետ այս ծանր ժամանակահատվածում:
Ես հավատում եմ, որ պարոն Կարապետյանը հասնելու է նպատակին: Որ պահից նա սկսեց կադրերը ճիշտ դասավորել գործադիր մարմնում, այդ ժամանակվանից մենք միանգամից առաջ ենք գնալու:
Կողմ եմ նրա կատարած փոփոխություններին, կրճատումներին: Մենք պետք է հավատանք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, որովհետև եկել է մարդ, ով կարճ ժամանակահատվածում քիչ բան չի անում:
Նորից կկրկնեմ. ես նրան «բալետ եմ անում», դա ճիշտ ընտրված բառ է: Երբ ֆուտբոլասերները գնում են խաղը դիտելու, նրանք չեն ասում. գնում են համակրելու, երկրպագելու կամ պաշտպանելու:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: