Հռոմի բնակիչները դժգոհ են Սուրբծննդյան իրենց տոնածառից
SocietyՀռոմում կանգնեցված Սուրբծննդյան տոնածառը հարուցել Է Իտալիայի մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների դժգոհությունը: Նրանց խոսքով՝ ծառը կարելի Է ամենատգեղը համարել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local պորտալը:
Հռոմի բնակիչներին դուր չի եկել, որ ծառն անճոռնի տեսք ունի եւ նրա բազմաթիվ ճյուղեր կախ են ընկած: Բացի այդ, այն աղքատիկ Է զարդարված լուսաշղթաներով, իսկ գագաթին չկա սուրբծննդյան աստղը:
«Այն այնքան տգեղ Է, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չլիներ»,- Համացանցում գրել Է տեղի բնակիչներից մեկը: «Եվ հետո զարմանում են, որ զբոսաշրջիկներն այլ քաղաքներ են ընտրում»,-հավելել Է նա:
Տոնածառը կանգնեցվել Է դեկտեմբերի 8-ին Հռոմի կենտրոնում գտնվող Պյացա Վենետիկ հրապարակում: Բացման արարողությանը ներկա Է եղել քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին: