Հայ–իրանական հարաբերությունները միջոց` ճեղքելու թուրք–ադրբեջանական շրջափակումը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը
– Պարոն Ոսկանյան, ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան:
– Չպետք է ասենք, թե հետաձգվում է: Երբևէ չի եղել, որ նրա այցի կոնկրետ ժամկետ հաստատվի: Ուղղակի երկու կողմերն էլ ունեն իրենց ծրագրերը, որոնց շրջանակում էլ տեղավորվում է այցը:
– Այսինքն` այս հարցում հայ–իրանական հարաբերությունների խնդիր չկա: Կամ այսպես ասենք` այդ հարաբերությունների նրբերանգների փոփոխության:
– Ոչ: Ընդամենը տեխնիկական համաձայնեցման խնդիրներ են: Եվ բնավ հիմնավոր չէ այս հարցում տեսնել հարաբերությունների մեջ առկա որևէ խոչընդոտ:
– Ռոհանին այցելում է Մոսկվա: Եվ մենք ինչ–որ խանդով ենք վերաբերվում դրան: Ի վերջո հիմքեր ունի՞ մեր խանդը:
– Ես կարծում եմ, որ մենք Իրանի հետ ունենք սեփական օրակարգ, հարաբերությունների բավական լայն շրջանակ: Եվ այս առումով եթե նույնիսկ կան նման մոտեցումներ, դրանք տեղին չեն: Հայաստանը և Իրանը զարգացնում են իրենց հարաբերությունները անխտիր բոլոր մակարդակներում: Թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու կրթական ոլորտներում:
Եվ այս համատեքստում Ռոհանիի նախատեսված այցը չափազանց կարևոր է: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պահին բավականին սրվել են Իրան–Ադրբեջան հարաբերությունները: Կարծում եմ, որ իրանական կողմը միգուցե նաև նոր ծրագրեր առաջարկի Հայաստանին: Չնայած, ինչո՞ւ չէ, մենք էլ պետք է նախաձեռնող լինենք և հանդես գանք ծրագրային առաջարկությունների մեր փաթեթով:
– Ասում եք լավ հարաբերություններ կան: Իսկ առարկայորեն ի՞նչ է արվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների նվազեցումից հետո:
– Որևէ հարևանի հետ նման ծրագրեր, ինչպիսին եղել են Հայաստանի հետ, Իրանը չի իրականացրել: Իրանը և Հայաստանը վերացրել են արտոնագրային ռեժիմը: Ստորագրել են Իրանի տարածք Հայաստանի ավտոմեքենաների հոսքը դյուրացնող հուշագիր: Ստորագրել են Իրանի գազի` Հայաստանով տարանցման հուշագիր: Համատեղ կառուցում են բարձրավոլտ էլեկտրագիծ: Պատրաստվում են ավելացնել հայ–իրանական գազամուղի ծանրաբեռնվածությունը երեքից մինչև հինգ անգամ: Երկու երկրների կրթական համակարգերն են որոշակիորեն համապատասխանեցվում: Հայաստանը ծրագրում է Իրանի հետ սահմանին ստեղծել ազատ տնտեսական գոտի: Վերջինիս ստեղծման համատեքստում մեր դիրքորոշումներն ենք համաձայնեցրել ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ:
Միգուցե երկու երկրների միջև իրականացված այս քայլերը, նախաձեռնությունները պատշաճորեն չեն ներկայացվել մեր հասարակությանը, որն էլ տպավորություն է ստեղծում, թե հայ–իրանական հարաբերությունները դոփում են տեղում:
Մինչդեռ բոլորովին էլ այդպես չէ. երկու երկրների հարաբերությունները զարգանում են վերընթաց կորագծով: Ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է հանգստանալ եղածով: Հակառակը, պետք է ջանքեր թափենք, որպեսզի օգտագործենք հայ–իրանական հարաբերությունների ողջ ներուժը: Իսկ այդ ներուժը հսկայական է: Այն օգտագործելով հնարավորություն կունենանք Հայաստանը դուրս բերել թուրք–ադրբեջանական շրջափակումից:
– Գլխավոր հարցը` Հայաստան–Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ քաղաքական համաձայնություն, ի վերջո, ձե՞ռք է բերվել: Քանի որ մեր կառավարությունն այն ընդգրկել է ներդրումային իր ծրագրերի մեջ:
– Հենց վերջերս Թեհրանում կայացած Հայաստան–Իրան տնտեսական հանձնաժողովի նիստում Իրանի փոխնախագահը հետաքրքիր շեշտադրում արեց և կրկին բարձր մակարդակով հաստատեց Իրանի պատրաստակամությունը` դիտարկելու Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային և ավտոմայրուղային միջանցքի կարևորագույն բաղադրիչ: Այնպես որ կրկին իրանցիները հաստատել են իրենց դիրքորոշումը:
– Այսինքն` մնում է լուծել փողի խնդիրը:
– Բացառապես փողի խնդիրը լուծելու հարց ունենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: