Սառեցված վիճակ է. նորածնի առքուվաճառքի գործով նախաքննությունը շարունակվում է
SocietyNEWS.am-ը գրում է.
Նորածնի առք ու վաճառքի գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նորածնին գնելու մեջ մեղադրվող Քրիտսինեի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենց մասով որեւէ քննչական գործողություն չի կատարվում:
«Սառեցված վիճակ է, սպասում ենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ տեղեկություններ կային, որ նախաքննության ավարտ պետք է հայտարարվեր մինչեւ հոկտեմբերի վերջ, որովհետեւ բոլոր քննչական գործողություններն արվել են:
Նշենք, որ այս գործով 4 մեղադրյալ կա: Ըստ նախնական տվյալների, 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:
Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանն ավելի ուշ ազատ են արձակվել: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: