Աշխատանքի տեղավորված գործազուրկների թվաքանակի աճը կապված է զբաղվածության ծրագրերի բազմազանության հետ
EconomicsՀայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված են 95.8 հազար աշխատանք փնտրողներ, որոնցից 80.8 հազարը` շուրջ 84.4 տոկոսը, գործազուրկ են:
Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀզբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն` ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6 տոկոսով:
«2016 թվականին առաջխաղացում կա զբաղվածության ոլորտի ծրագրերի և տեղավորումների քանակով: Այս ցուցանիշների աճը բացատրում եմ զբաղվածության ակտիվ ծրագրերի բազմազանությամբ և այն հանգամանքով, որ վերջիններում ավելի շատ մարդ է ընդգրկվել: Այդ ծրագրերում հիմնական պայմաններից մեկը տարածքային կենտրոններում հաշվառված լինելն է»,- ասաց Մանգասարյանը` հավելելով, որ գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է 73.98 հազար անձ կամ 91.6 տոկոս:
Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.6 տոկոսը կամ 19.1 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6 տոկոս են կամ 2.9 հազար մարդ:
Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը դեկտեմբերի 12-ի դրությամբ կազմում է 13 հազար, որն աշխատանք փնտրողների 13.6 տոկոսն է: Նրանցից 1038-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Ծրագրերում ընդգրկվածների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով:
Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16 հազար 592 աշխատանք փնտրող: Նրանցից 7 հազար 927-ն ապահովվել են սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի տեղավորվածների թվաքանակն աճել է5.1 տոկոսով: