Մեսին, Սուարեսը, Նեյմարն ու Պիկեն թիմից շուտ են մեկնել արձակուրդ
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի առաջատար խաղացողներ Լիոնել Մեսիին, Լուիս Սուարեսին, Նեյմարին եւ Ժերար Պիկեին թույլ է տվել մյուսներից շուտ մեկնել արձակուրդ: Նրանք բաց կթողնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Էրկուլեսի» դեմ: Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:
«Նրանք չեն խաղացել նաեւ առաջին խաղում: Կարծում եմ՝ հանգստանալու կարիք ունեն: Մյուսները չորեքշաբթի կայանալիք խաղից հետո կմեկնեն արձակուրդ: Մենք շատ բարդ հանդիպումներ ենք ունեցել: Ֆուտբոլիստներին հանգիստ է պետք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 8-ին: