Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի պայմանները կբարելավվեն
SocietyԵրևանի Խորենացի փողոցում` «Գումի շուկայի» հարևանությամբ, գտնվող մսի վաճառքի կետերի պայմանները կբարելավվեն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
«Այս տարի մենք այնտեղ մի քանի անգամ միջոցառումներն ենք իրականացրել: Աշխատանք ենք տարել տնտեսվարող սուբյեկտների հետ: Արդյունքում, վաճառք իրականացնողների հետ եկել ենք վերջնական հայտարարի: Հունվարից այն կրպակները, որոնք չեն համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին, միանշանակ փակվելու են: Դրանք վերանորոգվելու են, բերվելու են պատշաճ տեսքի»,-ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Անդրադառնալով Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակին` Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ իրավիճակը կայուն է:
«Նախորդ տարի ունեցանք երկու հիվանդության բռնկման դեպք` դաբաղ և մաշկաբորբ: Դա լուրջ մարտահրավեր էր մեզ համար, 2016 թվականին կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցինք: Այսօր կարող ենք ասել, որ համապատասխան պատվաստանյութի ձեռքբերմամբ կանխվեց հիվանդությունների տարածումը»,-հավելեց նա: