Հայաստանում այս տարի պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազար դրամ
EconomicsՀայաստանում այս տարվա ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ, ինչը 2015 թվականի ցուցանիշների համեմատ ավելացել է 4 մլրդ 422 մլն դրամով:
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով տարվա արդյունքները՝ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Սա մի փոքր զիջում է անցյալ տարվա ցուցանիշը, քանի որ մասնավորեցման ենթարկվող ընկերություններ շատ քիչ են մնացել»,-նշեց նա:
Արման Սահակյանը տեղեկացրեց, որ պետական գույքի վարձակալությունից 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221մլն 227 հազար դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն:
«ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83մլն 944 հազար դրամ:
Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871 հազար դրամ, այս տարի գրեթե 36%-ով ավելի է մուտքագրվել: Սա մեր բարեփոխումների արդյունք ն է, քանի որ երկու տարի առաջ սա շատ փոքր թիվ էր:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազար դրամ: Այսպիսով, օտարումից, մասնավորեցումից, վարձակալությունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711 մլն 629 հազար դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64մլն 103 հազար դրամ»,-ներկայացրեց վարչության պետը:
Արման Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն:
«2016 թվականին իրականացվել է պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն: Այս տարի լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազար դրամ կրեդիտորական պարտք:
Իսկ վերջին տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: Մենք բազմաթ իվ ընկերություններ ունենք, որոնք տարիներ շարունակ գտնվում էին լուծարման գործընթացում, մեր բարեփոխումների, որոշումների փոփոխման արդյունքում այս գործընթացը պարզեցվել է: Դաշտը հետզհետե մաքրվում է այս առումով»,-եզրափակեց վարչության պետը: