Քանի՞ անգամ կարող է նույն մարդն ընտրվել տնօրեն. Լ. Մկրտչյան
SocietyՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ամփոփելով 2016-ի աշխատանքները, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց դպրոցի տնօրենի` նույն դպրոցում որպես տնօրեն աշխատելու հավանականության հստակ ժամկետների շուրջ: Իչպես նշեց նախարարը` դպրոցներից պետք է այդ քարացվածության մեխանիզմը հանել:
«Ունենք տնօրեններ, որոնք շատ բազմավաստակ են, բայց կարող են իրենց գիտելիքը մեկ այլ դպրոցում սպառել: Քանի՞ անգամ կարող է նույն մարդն ընտրվել տնօրեն: Պետք է համակարգը փոխենք, որ անընդհատ նույն մարդը չղեկավարի դպրոցը: Բացի այդ` տնօրենը պետք է արժանի մարդ լինի»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նաեւ կրթության ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարն ասաց, որ իրենց չի հաջողվում դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել:
«Հանրակրթության ոլորտում ունենք դասագրքերի եւ վերապատրաստման խնդիր: Դասագրքերի հետ կապված խնդիրն այն է, որ մենք գրում ենք դասագրքեր լավ սովորող աշակերտների համար, բայց լավ սովորողն այսպես, թե այնպես սովորում է, եւ մեր դասագրքերը պետք է ուղղված լինեն միջին սովորողին»: