Շփոթված ժողովուրդը հասկացավ` եռյակը իշխանություններին այլընտրանք չէ. ՀՀԿ պատգամավոր
Ոչ իշխանական երեք ուժերի' եռյակի հանրահավաքը հուսախաբ արեց մարդկանց, ովքեր հավաքվել էին Ազատության հրապարակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը շփոթմունքի մեջ պահեց հանրահավաքի կազմակերպիչներին, ովքեր այդպես էլ չկարողացան միասնական պահանջներ ներկայացնել: Ժողովուրդն էլ հուսախաբ ու շփոթված էր, ինչի պատճառով որոշակի քանակությամբ մարդիկ այդպես էլ չհասկացան, թե իրենց ունեցած խնդիրների լուծումը որտեղ պետք է փնտրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Գագիկ Մելիքյանը' հավելելով, որ ժողովուրդը հասկացավ, որ եռյակը իշխանություններին այլընտրանք չէ:
Նրա խոսքով՝ հանրահավաքի ժամանակ միասնական կոչեր չհնչեցին, ավելին՝ ուժերն առանցքային հարցերում համակարծիք չէին: ««Ժառանգությունը» խոսում էր արտաքին քաղաքականության մասին, որը չընդունվեց ՀԱԿ-ի կողմից, իսկ ԲՀԿ-ն նույնիսկ կարծիք չհայտնեց: ՀԱԿ-ը որոշակի առաջարկներ արեց իշխանափոխության վերաբերյալ, որը ընդունելի չէր «Ժառանգության» և ԲՀԿ-ի համար: Որևէ միասնական կարծիք եռյակի կողմից չհնչեց: Երբ ամբոխի միջից երբեմն հնչում էին իշխանափոխության կոչեր, դրանք խիստ ձևով ընդհատվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից»,- ընդգծեց պատգամավորը:
Գագիկ Մելիքյանի բնորոշմամբ' հանրահավաքը ցույց տվեց, որ ուժերը պայքարում են «աթոռ» ստանալու համար, իսկ արտահերթ ընտրությունների խնդիր ինքը չի տեսնում:
Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական երեք ուժերը' եռյակը' ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, համատեղ հանրահավաք էին կազմակերպել, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 16 հազար մարդ: Հանրահավաքին մասնակցում էին նաև հիշյալ կուսակցությունների ղեկավարները' Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: