Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի արագ ստորագրման հարցում
EconomicsՀայաստանի աջակցությամբ արագ պետք է հասնել ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրմանը:
«ԵԱՏՄ-Հայաստան արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«ԵԱՏՄ եւ Իրանի շուկաները շատ հետաքրքիր են միմյանց համար: Այստեղ համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, սակայն այն, ինչ մենք օգտագործում ենք, բավականին սահմանափակ է. այդ առումով երկու կողմերն էլ ունեն աշխատանք կատարելու:
Շուտով ԵԱՏՄ նախագահների կողմից կտրվի հավանություն ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելուն: Այն ոչ միայն կարգավորելու է սակագնային հարցերը, այսինքն՝ սակագների իջեցման հարցերը, այլեւ հնարավորություն է ստեղծելու ոչ սակագնային կարգավորումների համար:
Կա ընդհան ուր համաձայնություն աշխատանքները շարունակելու համար, եւ Հայաստանը շահագրգռված է համաձայնագրի արագ ստորագրման հարցում: Դա ամենամեծ հնարավորությունն է լինելու, որ եւ երկկողմ Հայաստան–Իրան, եւ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում եւ առեւտրաշրջանառության մեջ լուրջ աշխուժացում արձանագրենք»,-ընդգծեց փոխնախարարը: