Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակը մշտապես աջակցում է բոլոր սիրիահայերին
SocietyՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ։
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հալեպում երեկ և այսօր տոնախմբություն են կազմակերպել մեր հայրենակիցները։ «Հալեպի վերջանական ազատագրումը, հույս ունենք, որ կլինի մեծ խաղաղության այն սկիզբը, որը բոլորս սպասում ենք տարիներ շարունակ։ Մենք խոսում ենք Հալեպի մեր հայրենակիցների, դիվանագիտական կառույցների հետ և բոլորը շատ լավատեսորեն են տրամադրված»,- ասաց նախարարը։
Նիստի ժամանակ խոսեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրսենյակի տնօրեն Տեր Մարկոս Մանգասարյանը։
Նա ներկայացրեց իրենց կողմից սիրիահայերին ցուցաբերած աջակցությունը և նախատեսվող ծրագրերը։
«Մեր գրասենյակի գործառույթները տարբեր են։ Սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագրերը ես բաժանում եմ երկու մասի։ Առաջինը՝ Հայաստանում կատարված ծրագրերը և երկրորդը՝ Սիրիայում։ Սիրիական ճգնաժամի սկսվելու պահից Մայր Աթոռը տարբեր ծրագրեր է իրականացրել։ 2012-2013 թվականներին, երբ սիրիահայերի առաջին հոսքը եղավ դեպի Հայաստան, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հիմնադրամի հետ միասին եղավ կլոր սեղան, որը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջ միածնի հովանու ներքո։
Համագործակցելով միմյանց հետ՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնց ընթացքում ցուցաբերվել է թե դրամական օգնություն կոմունալ վճարումների և սննդի համար, և թե տարբեր ծրագրեր են իրագործվել ուսումնական խնդիրներ լուծելու համար, և մինչև օրս էլ շարունակվում է այդ ամենը»,- ասաց Տեր Մարկոսը։
Նա նշեց, որ այս տարվա կտրվածքով սոցիալական ծառայությունը ավելի քան 150 սիրիահայ ընտանիքների փորձել է աջակցություն ցուցաբերել՝ մոտավորապես 7,5 մլն դրամ չափով։ «Մեզ դիմում են տարբեր դեպքերում՝ սկսած սրտի վիրահատությունից մինչև ուսանողների վարձավճարներ»,- հավելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրսենյակի տնօրենը։
Տեր Մարկոս Մանգասարյանն ասաց, որ իրենց տարբեր խնդիրներով դիմողների ճնշող մեծամասնությունը ունի աշխատանքի խնդիր։ Նրա խոսքով՝ սա շատ բարդ խնդիր է, բայց նրանք շարունակում են աջակցել բոլոր ընտանիքներին, ովքեր ունեն ուսանողների վարձավճարների, կոմունալ վճարումների, սննդի խնդիրներ։