Կարո Փայլանը դատական հայց է ներկայացրել իրեն ազգայնամոլների թիրախ դարձրած թուրք պատգամավորի դեմ
SocietyԹուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, ԱԶԿ-ի խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանի, ում թշնամական հարձակումների թիրախում է հայտնվել Փայլանը:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Փայլանը վերջերս քննադատել էր դեկտեմբերի 12-ին Ստամբուլում ԺԴԿ-ի գրասենյակի վրա իրականացված հարձակումը: Ի պատասխան այդ քննադատմանը` ԱԶԿ-ի պատգամավորը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էին Փայլանն ու 16-ամյա մի աղջիկ: Հայազգի պատգամավորի խոսքով` Թուրանն այսկերպ իրեն և այդ աղջկան թուրք ազգայնամոլների թիրախ է դարձրել:
Այդ հրապարակումից հետո Փայլանը մի շարք սպառնալից նամակներ է ստացել: Այդ իսկ պատճառով նա ցանկանում է դատական պատասխանատվության ենթարկել իրեն ազգայնամոլների թիրախ դարձրած պատգամավորին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախումբն օրեր առաջ խնդրագիր էր կազմել` պահանջելով ապահովել Փայլանի անվտանգությունը` նշելով, որ վերջինս մահվան լուրջ սպառնալիքների է ենթարկվում: