Ինձ համար հրաշալի մոտիվացիա է Հայաստանի լավագույն բասկետբոլիստ ճանաչվելը. Անդրե Սպայթ-Մկրտչյան
SportՀայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստ Անդրե Սպայթ-Մկրտչյանը երկրի լավագույն բասկետբոլիստ ճանաչվելը նոր մոտիվացիա է համարում:
«Հրաշալի զգացողություն է Հայաստանի լավագույն բասկետբոլիստ ճանաչվելը: Ես իսկապես շնորհակալ եմ և օրհնված Հայաստանի հավաքականում խաղալու համար: Ինձ համար լավ մոտիվացիա է հետագա տարիներին կատարելագործման համար: Իսկ ինչ վերաբերում է աշխարհի առաջնության ընտրական փուլի ապագա մրցակիցներին, ապա չեմ անհանգստանում և կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի վրա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Ամփոփելով տարին՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մարզական լրագրողների շրջանում անցկացրեց քվեարկություն, որի արդյունքներով տարվա լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Անդրե Սպայթ-Մկրտչյանը: Վերջինս հուլիսին Մոլդովայում ճանաչվել էր Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: