Երևանում նոր որակի և ոճի գրախանութներ ու գրադարաններ կբացվեն
CultureԺամանցը և գրականությունը համատեղելու համար Երևանի տարբեր հատվածներում նոր գրախանութներ և գրադարաններ կբացվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Դրանք կծառայեն, որպես ընտանեկան հանգստի վայրեր, ժամանցի կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի գնել գրենական պիտույքներ, տարբեր հետաքրքիր խաղալիքնե ր և այլ առարկաներ, սակայն ուշադրության կենտրոնում կլինի գիրքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Ամիրյանը:
Նախարարն ընդգծեց, որ այդ նպատակի իրականացման համար իրենք համագործակցելու են մասնավոր կազմակերպությունների հետ:
Անդրադառնալով գրահրատակչությանը` Արմեն Ամիրյանն ասաց, որ իրենք այդ ոլորտում միանգամայն նոր նախաձեռնությամբ են հանդես եկել և փոխել գրահրատարակչության աջակցության և պետական ֆինանսավորման ամբողջ համակարգը: «Եթե նախկինում ժամանակակից գրողներին աջակցում էինք՝ հրատարակիչներին վճարելով հրատարակվող գրքի արժեքի հիսուն տոկոսը, ապա այժմ նախատեսում ենք արդեն հրատարակված գիրքը գնել և ոչ թե վաճառել շուկայում, այլ բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող և այլ կառույցներին»,- շեշտեց նախարարը: