ՀՀ նախագահի նստավայրում երեխաների համար իսկական տոն էր կազմակերպվել
SocietyՀՀ Նախագահի նստավայրը դեկտեմբերի 26-ին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր դռներն էր բացել երեխաների համար: Արդեն ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը հյուրընկալվել էին Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ գյուղերի բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներ, օլիմպիադաների մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ: Երեխաներին դիմավորեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում առաջին տիկինը նշեց, որ երեխաներից դրական լիցքեր է ստանում: «Սա իմ ապրելակերպն է: Ես 10 տարի մանկապարտեզում եմ աշխատել եւ դա ուղղակի իմ գործն է, որը ես շատ սիրում եմ»,- ասաց նա:
Հեքիաթային տարբեր հերոսները, խամաճիկների թատրոնը և Ամանորի խորհրդանիշ Ձմեռ պապն անմոռանալի օր պարգևեցին մանուկներին:
Միջոցառմանը ներկա սիրիահայ երեխաներին ամենաշատը դուր էին եկել աճպարարի ամենատարբեր հնարքները, ինչպես նաեւ օձերը: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են 60 սիրահայ երեխա Երեւանից: «Ամեն տարի մենք աշխատում ենք միջոցառմանը մասնակից դարձնել Սիրիայից նոր եկածներին»,-ասաց նա:
Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև դեկտեմբերի 27-ին: Այդ օրը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈւ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության անդամների ընտանիքների երեխաներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ: