Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում տոնական միջոցառում է տեղի ունեցել
CultureԼիբանանում ՀՀ դեսպանության և Լիբանանի ազգային կոնսերվատորիայի համատեղ կազմակերպմամբ Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Սուրբ ծննդյանը առիթով կազմակերպված Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվու թյան և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Լիբանանի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, դատական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ հոգևոր, քաղաքական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով դրվատանքի խոսքեր հղեց Լիբանանի ազգային կոնսերվատորիային և նրա տնօրեն Ուալիդ Մուսալլամին, ինչպես նաև մաեստրո Հարութ Ֆազլյանին՝ ՀՀ դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար:
Դեսպանն ընդգծեց համերգի կարևորությունը Լիբանանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն գալիք տարում։
Համերգին մասնակցում էր նաև Հայաստանից հատուկ ժամանած տաղանդավոր ջութակահարուհի, մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր Դիանա Ադամյանը, ով ներկայացրեց Կամիլ Սեն-Սանսի, Արամ Խաչատրյանի և Ֆրից Կրեյսլերի ստեղծագործությունները:
Նվագախումբը ղեկավարում էր Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը: