ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը պարգեւներ շնորհեց «Իմ անկախ Ղազախստան» խորագրով մրցույթի հայ մասնակիցներին
SocietyՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը պարգեւատրեց դեկտեմբերի 16-ի՝ Ղազախստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարված «Իմ անկախ Ղազախստան» խորագիրը կրող մրցույթի մասնակիցներին: Տարբեր ձեւաչափերում (ռեֆերատ, էսսե) աշխատանքներ ներկայացրել է 10 մասնակից, որոնցից 9 Ղազախստանում ապրած հայ երիտասարդներ են:
Թիմուր Ուրազաեւը հանդես եկավ ողջույնի խոսքով:
«Բոլոր ներկայացված աշխատանքներն ինձ հետաքրքիր էին: Կարեւորը, որ այն հոգին, որը փորձել են փոխանցել մասնակիցները, ինձ մեծ հույս է տալիս, որ մեր ղազախստանցիները, ավարտելով համալսարանները, ապա անցնելով կյանքի ինքնուրույն փուլին, իրենց սրտում կկրեն շատ դրական զգացողություններ իրենց հայրենիքի մասին: Կյանքի դրվածքն այնպիսին է, որ մենք չենք կարող ազդեցություն ունենալ աշխարհում կատարվող երեւույթների վրա, սակայն եթե մենք գոնե բարելավենք մեր այդքան էլ ոչ մեծ շրջապատը՝ ընկերներ, հարազատներ, ծանոթներ, ամեն ինչ այլ կերպ կլինի:
Պետք է ամրապնդել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, հարգանքը շրջապատի նկատմամբ, ձգտումը հասկանալ կողքինիդ, պարզապես անցորդին, քանի որ նա, միգուցե, մեկ այլ մշակույթի, կրոնի է պատկանում, ապրում է այլ երկրում, ունի աշխարհի նկատմամբ այլ մոտեցում: Եվ որքան էլ տարբեր լինեն այդ մոտեցումները, պետք է հիշենք, որ բոլոր մարդիկ պետք է միասնական լինեն մեկ սկզբունքի ներքո՝ ձգտումը դեպի շրջապատի կատարելագործումը»,- ասաց դեսպանը:
Առաջին մրցանակին արժանացել է Անդրանիկ Հովհաննիսյանն իր «25 տարի ձգվող ճանապարհ» աշխատանքով: Անդրանիկն այժմ սովորում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի 1-ին կուրսում: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ղազախստանում: Կարոտում է Ղազախստանը, քանի որ ամբողջ ընտանիքն այնտեղ է:
«Ինձ համար հաճելի էր մասնակցել այս մրցույթին եւ ներկայացնել իմ աշխատանքը, որտեղ փորձելեմ ներկայացնել այն ճանապարհը, որն անցել է անկախ Ղազախստանը՝ սկսած 1991 թվականից: Կարեւոր է նշել, որ չնայած Ղազախստանում ապրում է ավելի քան 100 ազգ, Կառավարությունը առաջին հերթին այնպես է անում, որ նրանք իրենց զգան Ղազախստանի մի մասնիկ, խնդիրներ չունենան միմյանց հետ: Ուզում եմ նաեւ անպայման փորձել ինչ-որ բան անել Հայաստանի համար, որեւէ ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում»,-նշեց մրցույթի հաղթողը: