Հայաստանի Ազգային արխիվն առաջիկա երկու տարիներին մեծածավալ միջոցառումներ է իրականացնելու
SocietyՀայաստանի ազգային արխիվը շատ անելիքներ ունի հատկապես 2017 և 2018 թվականներին:
Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով`Ազգային արխիվն այս տարի ունեցել է 2 ձեռքբերում` փաստաթղթերի թվայնացում և շենքի վերանորոգում: Վիրաբյանի վստահեցմամբ` առաջիկա երկու տարիների ընթացքում արխիվում իրականանալու են շատ կարևոր գործընթացներ:
«Արխիվում ընդգրկելու ենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի փաստաթղթերը, որը 17-18 թթ.ին եղել է Անդրկովկասի կենտրոնը, և, բնականաբար, Ռուսաստանի։ Պատրաստվում են ռուսական երկու հեղափոխությունների հոբելյանը, իսկ 2018-ին՝ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Մոտ ապագայում Ազգային արխիվի կայքում դրվելու են բոլոր այն քաղաքացիների մասին տեղեկություններ, ովքեր 1921 – 1957 թթ իրենց հայացքների համար բռնաճնշումների են ենթարկվել, իսկ 1937 թ. աշնանը և 1940-ի հունիսին աքսորվել են ընտանիքներով: Քանի որ փաստաթղթերը ռուսերեն են, այդ ցանկը նույնպես սկզբում հասանելի կլինի ռուսերեն, հետագայում կթարմացվի»,-ասաց Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որ նման մեծածավալ միջոցառումներ կիրականացնի:
Ազգային արխիվի տնօրենը վերջում հավելեց, որ արխիվում դեռ չլուծված է մնում աշխատավարձերի հարցը: Նրա խոսքով` իրենք իրենց միջոցներով են փորձում լուծել այդ խնդիրները, նույնիսկ այսօր ինքը հրաման է ստորագրել գրեթե բոլորին իրենց աշխատավարձի չափով պարգևատրումներ տալու մասին, սակայն հաջորդ տարի հաստիքների կրճատում է լինելու՝ 10-15 տոկոսով:
2017-ին Արխիվում կշարունակվեն նաև ընթացիկ աշխատանքները, այդ թվում՝ թվայնացման գործընթացը: