Հայոց բանակը 3-րդ ուժի կարիք չունի երկրի անվտանգությունն ապահովելու համար. Սեյրան Օհանյան
Հայոց բանակը լուրջ և ծանր ժամանակահատված է ապրել և այսօր էլ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, խրամատային պայմաններում կարողանում է ապահովել երկրի անվտանգությունն ու ժողովրդի արարումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է' հայկական բանակը քաջ պատկերացնում է իր առջև դրված խնդիրներն ու խելացի գործողություններով հասնում իր նպատակներին: «Երկրագնդի վրա որևէ տարածաշրջանում չկա մի իրավիճակ, որ առանց երրորդ ուժերի ներգրավման այսքան երկար տարիներ պահպանի հարաբերական խաղաղության իրավիճակ: Որքան էլ Ադրբեջանը ռազմական հեռետորաբանությամբ զբաղվի, մեր զինծառայողների որակական պատրաստվածության, բարոյահոգեբանական մակարդակի, անձնուրացության, ըմբոստ կեցվածքի շնորհիվ առանց երորրդ ուժի կարողանում ենք պահպանել խաղաղություն թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ասաց Սեյրան Օհանյանը:
2014թ. լարված տարի էր, թե դիպուկահարների կրակի ավելացմամբ, թե սահմանային խախտումներով, թե դիվերսիոն հետախուզական գործունեությամբ: «Օգոստոսին մեկշաբաթյա մարտական գործությունների ընթացքում հրամանատարը կարողացավ իր զինվորի հետ կանխել հակառակորդին և պատժիչ ու պաշտպանական խելամիտ գործողությունների շնորհիվ ստեղծեց իրավիճակ, որ հակառակորդը զերծ մնաց գործողություններից, ստեղծվեց զսպման մեխանիզմ, որն իջեցրեց լարվածությունը: Մենք կորցրեցին զինվորիների, մեր այսօրվա խաղաղության համար: Դա հեշտ չէր, բայց մենք այդ ամենը չվերածեցինք ողբերգության, այլ ներկայացրեցինք որպես հերոսապատում»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, բարդ իրավիճակին զուգահեռ, սկսած 2008թ. բանակը բարեփոխվում է և բանակի ղեկավարության նպատակը արդար ազնիվ կերպով հնարավորությունների ստեղծումն է:
«Բացթողումների վերացման ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվում: Հասել ենք աստիճանի, որ ձևավորելով համապատասխան հրամանատարներ' հասել ենք բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին, որն ավելի ազնիվ հենքի վրա է դնում բանակի գործունեությունը»,- ասաց նախարարը' հավելելով, որ բանակն ամեն օր է բարեփոխվում և զտիչ դերակատարություն ունենում նաև արատավոր բարքերի դեմ: