Բուլղարիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի և կրթության բնագավառներում. դեսպան
SocietyՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչինային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը ներկայացրել է գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:
Քննարկվել են Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրները, կարևորվել են սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները, երիտասարդների մասնակցությունը հայրենաճանաչության ծրագրերին:
Նորանշանակ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշել, որ Բուլղարիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի և կրթության բնագավառում: