Մխիթարյան. Ամենաշատը տոնել եմ Թուրքիայի երիտասարդական հավաքականի դարպասը խփած գոլս
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, խփած ամենաէմոցիոնալ գոլի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանչեսթերցիների կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդին» սկսել եմ հետևել Էրիկ Կանտոնայի ժամանակ, և սիրում էի հետևել, թե ինչպես է նա խաղում: Աչքս պահում էի նաև Անդրեյ Կանչելսկիսի վրա, քանի որ նա ռուս ֆուտբոլիստ էր, դա բավականին հետաքրքիր էր: Սակայն ամենամեծ կուռքս էր Ալեքս Ֆերգյուսոնը:
Ֆուտբոլիստ դառնալուս ժամանակ կուռքս էր Զինեդին Զիդանը: Պատճառը ոչ միայն այն էր, թե ինչ էր ֆրանսիացին անում դաշտում, այլ ինչպիսի առաջատար էր: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ և օգնում նրանց:
Նախապաշարմունք չունեմ: Որաշակի բաներ կային, երբ երիտասարդ էի, սակայն մեծանալով, հասկացա, որ լավ ելույթ ունենալու համար անհրաժեշտ ամեն ինչ իմ գլխում է:
Որպես ֆուտբոլիստ ամենաշատը տոնել եմ Հայաստանի երիտասարդական թիմի կազմում Թուրքիային խփած գոլը: Չափազանց կարևոր հանդիպում էր մեզ համար, և հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին: Դա ամենամեծ էմոցիաներն են, որոնք ունեցել եմ գոլ խփելուց հետո:
Չեմ կարող ասել, թե որն է լավագույն գոլս, քանի որ դրանք շատ են (խմբ` ծիծաղում է): Հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ գոլեր են ինձ սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Մխիթարյանը: