Արմեն Ղալեչյանը վեր է հանել ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի հիմնական խնդիրները
SocietyԱռաջատար պետությունների զինված ուժերի կողմից տեղեկատվական պատերազմներ վարելու մեթոդների ուսումնասիրությունը մատչելի դարձել հայ հասարակության համար: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում դեկտեմբերի 28-ին կայացավ Արմեն Ղալեչյանի «Տեղեկատվական պայքարը ռազմական ոլորտում» աշխատության շնորհանդեսը:
Հեղինակը մտահոգություն հայտնեց, որ ոլորտում չկար համապատասխան գրականություն:
«Մեր ռազմագիտական գրականության մեջ գրեթե չկան աշխատություններ` նվիրված ոլորտի հիմնարար հասկացությունների պարզաբանմանը եւ ընդհանրապես բացակայում են այդ հասկացությունների համընդհանուր ճանաչում ստացած սահմանումները: Մեր իրականության մեջ նորաձեւ է խոսել տեղեկատվական պատերազմների մասին: Տեղեկատվական պատերազմը, սակայն, չի վարվում միայն զինվորականների կողմից: Դա գործողությունների համախումբ է, որտեղ տեղով, ժամանակով եւ նպատակով ամեն մի կառույց ունի իր կոնկրետ գործողությունները»,- ասաց Ղալեչյանը, հավելելով, որ գիրքը որեւէ աղբյուրի թարգմանություն չէ:
Արմեն Ղալեչյանը նշեց, որ նպատակ ուներ ստեղծելու մեթոդական ուղեցույց ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների, ակադեմիայի ունկնդիրների, տեղեկատվական ոլորտում ներգրավված սպաների եւ ինչու չէ նաեւ հասարակության համար: Շնորհակալություն հայտնելով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին մեծ աջակցության համար` հեղինակը հույս հայտնեց, որ աշխատությունը շարունակական կլինի եւ հիմք կհանդիսանա այս ոլորտում հետագա աշխատությունների ստեղծման համար:
«Տեղեկատվական պայքարը ռազմական ոլորտում» աշխատության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել առաջատար պետությունների զինված ուժերի կողմից տեղեկատվական պատերազմներ վարելու մեթոդների ուսումնասիրությանը՝ կարևորելով այս խնդրում մարդկային կապիտալի գործոնը, բարձրակարգ մասնագետներ ունենալու և պատրաստելու կարևորագույն հանգամանքը։ «Միասնական ազգ-բանակ» գաղափարախոսական հայեցակարգի համատեքստում տեղեկատվական պայքարի և հակապայքարի միջոցների ու ձևերի իմացությունը հրատապ է նաև հայկական հանրության բոլոր անդամների համար։