Աշխատանքի նպատակով այս տարի 648 հայ է մեկնել Լեհաստան
Հայ աշխատանքային միգրանտները, ի տարբերություն ուկրաինացիների կամ բելառուսների, Լեհաստանում այնքան էլ շատ չեն: Ընդհանուր առմամբ, այս տարի աշխատանք գտնելու նպատակով 648 հայ է մեկնել Լեհաստան: Նախորդ տարի աշխատանքի թույլտվություն էր ստացել 448 հայ: Հիմնական աշխատանքը, որով զբաղվում են հայ միգրանտները Լեհաստանում, առևտուրն է, գյուղատնտեսությունն ու տնային աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության աշխատակից Ալեքսանդրա Լանգեն շեշտում է, որ հայ աշխատանքային միգրանտների թիվը Լեհաստանում թեպետ դանդաղ, սակայն ավելանում է, քանի 2014թ. Հայաստանը միացել է Լեհաստանում կարճաժամկետ աշխատանքի վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին պայմանագրին: Պարզեցված ընթացակարգը ենթադրում է, էր առանց աշխատանքի վերաբերյալ թույլտվության միգրանտները կարող են վեց ամիս մնալ Լեհաստանում: Միգրանտների հանդեպ նման ազատական քաղաքականությունն ունի սեփական պատճառներ և խնդիրներ:
«Դեպի Լեհաստան աշխատանքային միգրացիան ավանդաբար այնքան էլ մեծ չի եղել, սակայն օտարերկրյա աշխատուժի պահանջը տարեցտարի աճում է: Գլխավոր պատճառն այն է, որ երկրում առկա է դեմոգրաֆիկ լուրջ խնդիր և այդ հարցի առնչությամբ զարգացումները խիստ հոռետեսական են: Մի քանի տասնամյակ անց Լեհաստանում աշխատունակ տարիքի բնակչության թիվը կնվազի: Հենց այդ պատճառով միգրացիոն քաղաքականությունը նախատեսում է օտարերկրացիների մուտքը Լեհաստան: Իրավական առումով օրենքներն ազատական են»,- ասաց Ալեքսանդրա Լանգեն: