Լուկաշենկոն հավանության է արժանացրել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը
EconomicsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որտեղ հավանության է արժանացրել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին «պայմանագրի նախագիծը»՝ որպես բանակցությունների անցկացման հիմք: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բելառուսի նախագահի հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է երկրի իրավական ինտերնետային պորտալում: Բանակցությունների անցկացման համար լիազորվել է Պետական մաքսային կոմիտեն:
Դեկտեմբերի 26-ն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները:
Բելառուսի նախագահը չէր ժամանել Սանկտ Պետերբուրգի վեհաժողովին՝ չբացատրելով պատճառները:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վեհաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ստորագրված փաստաթղթերը համաձայնեցված են բելառուսական կողմի հետ և կուղարկվեն նախագահ Լուկաշենկոյին ստորագրելու համար:
Ներկայիս հրամանագրով Լուկաշենկոն հանձնարարում է «ստորագրել պայմանագիրը հավանության արժանացած նախագծի շրջանակներում պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում»։
ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: