Թուրքիայի առաջնության հետնապահը ցանկանում է վարձակալել Արաս Օզբիլիսին
SportԹուրքական «Ադանասպորը» ցանկանում է վարձակալել Ստամբուլի «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որն ուսի վիրահատությունից հետո վերջերս էր վերադարձել խաղադաշտ:
Cnnturk.com-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով «Ադանասպորի» նախագահն արդեն դիմել է «Բեշիկթաշի» ղեկավարությանը: Օզբիլիսը ցանկանում է ունենալ խաղային պրակտիկա, այդ պատճառով դեմ չէ «Ադանասպոր» տեղափոխվելուն, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը խաղադաշտ էր վերադարձել դեկտեմբերի 27-ին, երբ «Բոլուսպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի խաղում փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։ Մինչեւ այդ նա խաղադաշտ դուրս չէր եկել օգոստոսի 20-ից, իսկ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման:
Թուրքիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ադանասպորը» 10 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է: