Կողքի վրա քնելն ուղեղը մաքրում է մնացորդներից
LifestyleԿողքի վրա քնելն ուղեղից ավելի արդյունավետ է դուրս բերում մնացորդները՝ ի տարբերություն մեջքի կամ փորի վրա քնելու: Արդյունքում՝ առավոտյան գիտակցությունը ավելի մաքուր է եւ հստակ, քան մեջքի կամ փորի վրա քնելու դեպքում: Սա նաեւ նվազեցնում է Ալցհեյմերի, Պարկինսոնի եւ նյարդաբանական այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները:
«Ուշագրավ է, որ քնի կողքային դիրքը, այսպես, թե այնպես, մարդկանց եւ կենդանիների մեծ մասի շրջանում ամենատարածվածն է. ըստ երեւույթին, մենք քնած ժամանակ հարմարվել ենք այն դիրքին, որն ավելի արդյունավետորեն է նպաստում ուղեղից նյութափոխանակության մնացորդների մաքրմանը, որոնք կուտակվում են առույգանալիս»,- հայտարարել է Ռոչեսթերի համալսարանի գիտնական Մեյքեն Նեդերգաարդը, ով գիտական աշխատանքի համահեղինակն է, որն իրականացրել են Նյու Յորքի նահանգի Սթոնի-Բրուքի համալսարանի գիտնականները:
Գիտնականները լաբորատոր մկների վրա բազմաթիվ փորձեր են կատարել: Նրանք օգտագործել են մագնիսառեզոնանսային դինամիկ կոնտրաստային տոմոգրաֆիա՝ ավշային փոխանցող ուղիները նկարելու համար, որը բարդ համակարգ է եւ պատասխանատու է ուղեղից կենսագործունեության մնացորդները եւ քիմիական այլ վտանգավոր լուծույթները դուրս բերելու համար:
Դրանից զատ, գիտնականները կինետիկ մոդելավորման օգնությամբ մկան ուղեղում պարզել են ողնուղեղի հեղուկի եւ միջբջջային հեղուկի հարաբերակցությունը, երբ նրանք նարկոզի տակ են եղել կողքի, մեջքի եւ փորի վրա:
Պարզվել է, որ ուղեղից մնացորդներն ավելի ակտիվ են դուրս բերվում քնած ժամանակ: Դա տեղի է ունենում այն բանի նմանությամբ, թե մարդու օրգանիզմից ավշային համակարգը ինչպես է դուրս բերում շլակները:
«Հետազոտությունը մեկ անգամ եւս ապացուցում է այն կոնցեպցիան, որ քնի առանձին կենսաբանական ֆունկցիան «ուղեղի մաքրումն» է: Տկարամտության շատ տեսակներ կապված են քնի խանգարումների հետ, այդ թվում՝ դժվար քնելու: Ավելի ու ավելի հստակ է դառնում այն փաստը, որ քնի խանգարումները Ալցհեյմերի հիվանդության ժամանակ կարող են արագացնել հիշողության կորուստը»,- նշել է Մեյքեն Նեդերգաարդը: