Նախկին փեսայի ավտոմեքենան մոմակալով վնասած կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
SocietyՆախկին փեսայի ավտոմեքենան դիտավորյալ վնասելու մեջ մեղադրվող՝ Արտաշատի բնակչուհի Գայանե Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նման դատավճիռ է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատարանը վճռել է նաեւ քրեական գործի վարույթը կարճել` տուժողի հետ փոխադարձ հաշտության հիմքով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` հոկտեմբերի 8-ին Գայանե Գասպարյանը դստեր նախկին ամուսնու գույքը վնասելու դիտավորությամբ 3-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից պլաստմասե մոմակալով հարվածել է նրան պատկանող մեքենային: Գայանե Գասպարյանը նախկին փեսային պատճառել է 60 հազար դրամ ընդհանուր արժողության գույքային վնաս:
Զոքանչին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: