5 տարվա դադարից հետո Հալեպի բախումնային շրջանների մեջ գտնվող հայկական եկեղեցիների զանգերը կրկին ղողանջել են
Society2017-ը նշանակալից և պատմական թվական պետք է դառնա հալեպահայության հիշողության ու պատմության մեջ, գրում է «Գանձասար»-ը: Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետն իրեն ուղեկցող շքախմբի պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ մինչև կեսօր այցելել է նախ՝ Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և տեսել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած ավերակները։
Վեհափառ հայրապետը Տերունական աղոթքից հետո շրջել է եկեղեցու մեջ։
Այցելության հաջորդ վայրը Հալեպի Օմայատ պատմական մզկիթն է դարձել, որն ունի 1300 տարվա պատմություն։ Մզկիթի մուտքի մոտ վեհափառ հայրապետին ու շքախմբին դիմավորել են իսլամ հոգևորականները։ Մզկիթի ներսում Հալեպի կրոնական կալվածքների տնօրենը տեղեկացրել է, թե ինչպես զինյալ ահաբեկիչները քանդել են մզկիթն ու թալանել նրա պատմական գանձերը՝ մի մասը փախցնելով դեպի Թուրքիա, իսկ մի մասն էլ Հալեպի հյուսիսային արվարձաններ։ Մզկիթում վեհափառն ու նրան ուղեկցող հայ կրոնավորները Սիրիայի նահատակների հոգիների համար կարդացին աղոթք: Այնուհետև վեհափառ հայրապետն ու շքախումբն այցելել են Հալեպի պատմական բերդ, ականատեսը դարձան բերդի ավերակներին:
Լրատվամիջոցների հետ զրույցում Արամ Ա. վեհափառն ասել է. «Այս պահուս կը յիշեմ ֆրանսացի մտաւորական Վիքթոր Հիւկոյի խօսքը. «Այստեղէն թուրքերն անցան», աւելցնելով որ ցեղասպան թուրքը այնպէս ինչպէս 100 տարի առաջ պատմական մեր հայրենիքին մէջ, այժմ եւս Սուրիոյ մէջ մահ ու աւեր կը սփռէ։ Սակայն այս բարբարոսութիւններուն դիմաց Սուրիոյ քրիստոնեայ եւ իսլամ մեր սիրելի ժողովուրդին զաւակները պիտի յաղթեն ու անկոտրում կամքով վերակառուցեն Սուրիան ու մանաւանդ Հալէպը։ «Հալէպը խորհրդանիշն է սիրոյ եւ խաղաղութեան ու ես վստահ եմ, որ ան պիտի վերականգնի»։
Այցելության հաջորդ կայանն է դարձել մարդակերտման ամրոցը՝ Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանը: Ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեճյանն ու խնամակալության ներկայացուցիչները վեհափառ հորը վստահեցրել են, որ առաջիկա տարում աշակերտները վերստին հաճախելու են ճեմարան ու շենացնեն 70-ամյա այդ կրթօջախը:
Հալեպի բախումնային շրջանների մեջ գտնվող հայկական եկեղեցիների՝ 5 տարի լռած զանգերը կրկին ղողանջել են՝ ավետելով ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ հայրապետի այցելությունն ու Հալեպի խաղաղության վերահաստատումը: