Արխիվ. Թիֆլիսի քաղաքագլուխ Խատիսովը՝ Կովկասում խոլերայի դեմ պայքարի կազմակերպիչ
SocietyԹիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսովն (Խատիսյան) Առաջին աշխարհամարտի ժամանակ Կովկասում մանրէաբանական ջոկատ է կազմավորել: Այս մասին գրում է ՌԴ պաշտպանության նախարարության Ռազմապատմական ամսագիրը:
Խատիսովը Քաղաքների համառուսական միության կովկասյան հանձնաժողովի նախագահն էր, որը միավորում էր Ռուսական կայսրության քաղաքապետերին: Միության հաստատությունները պատերազմի ժամանակ օգնում էին բուժծառայություններ կազմակերպել: Մանրէաբանական ջոկատը տեղակայված էր Բաթումում: Այնտեղ ստեղծվել են լաբորատորիա, ախտահանող կենտրոն, պատվաստումների կետեր: Առանձին ջոկատներ գործել են նաեւ Ալեքսանդրապոլում (Գյումրի), Էրիվանում (Երեւան), Իգդիրում (ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության կազմում), ինչպես նաեւ Թիֆլիսում եւ Քութաիսիում:
Նախապես ենթադրվում էր, որ ջոկատը պատվաստումներ է անելու զինծառայողներին: Բայց հետո, Քաղաքների միության որոշմամբ, սկսել է օգնել նաեւ տեղի բնակչությանն ու փախստականներին: Ավելի ուշ նման ջոկատներ սկսել են գործել նաեւ ճակատին մոտ՝ Ղազվինում (հյուսիսային Իրան), Էրզրումում, Տրապիզոնում:
Հիշեցնենք, որ ավելի ուշ՝ 1919-20 թվականներին, Ալեքսանդր Խատիսյանը եղել է Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետը: