Իրանը մերժել է Սիրիայից զորքերը դուրս բերելու Սաուդյան Արաբիայի կոչը
International newsԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը մերժել է Սիրիայից Իսլամական Հանրապետության «օկուպացիոն ուժերը» դուրս բերելու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի կոչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենակարևոր պետությունն է տարածաշրջանում, որը ներգրավված է ահաբեկչության դեմ պայքարում: Իրանն օգնում է Իրաքի և Սիրիայի կառավարություններին ու ժողովուրդներին՝ ահաբեկչության դեմ պայքարելու միջազգային կանոնների շրջանակներում»,-հայտարարել է Աբդոլահիյանը:
«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել տարածաշրջանի թշնամիների դավադրութուններին… և դրական դեր խաղալ»,-հավելել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Սաուդ ալ Ֆեյսալն ասել է, որ եթե Իրանը ցանկանում է մասնակցել Սիրիայի հարցի լուծմանը, նա պետք է իր զորքերը դուրս բերի այդ երկրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: