Գյումրու բժշկական կենտրոնը նոր տարում ընդունել է 115 հիվանդի
SocietyԱշխատանքային առաջին օրը Գյումրու բժշկական կենտրոնում ակտիվ եռուզեռ էր` ի տարբերություն տոնական օրերի. այս ընթացքում կենտրոնն աշխատել է նորմալ աշխատանքային ռեժիմով՝ բոլոր բաժանմունքներում հերթապահության գրաֆիկով:
Այս օրերի ընթացքում մարզային նշանակության բուժհաստատությունը սպասարկել է 214 հիվանդի ՝ ամբուլատոր կարգով:
«Բարեբախտաբար, արտառոց դեպքեր չենք ունեցել, եղել են աշխատանքային ամենօրյա դեպքերը: Նոր տարում կենտրոնը ընդունել է 115 հիվանդի: Ասել, թե նրանց մեջ որ հիվանդությունն է գերակա՝ ճիշտ չէ: Հունվարի 9-ից նոր հիվանդների թվի ավելացումը հիմնականում կապված է պոլիկլինիկաների աշխատանքային առաջին օրվա հետ՝ շատերն ուղեգրվում են ստացիոնար բուժման, հիմնականում դիմում են քրոնիկ հիվանդները»,- նշեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ փաստելով որ եղել է սուր ինֆարկտի մի քանի դեպք:
«Սրանք այն քրոնիկ հիվանդներն են, որոնք տարվա ընթացքում ունեցել են և՛ բարդություններ, և՛ սրացումներ, և՛ սուր վիճակ»,- ավելացրեց Արմեն Խաչատրյանը:
Այս ընթացքում, ըստ պատասխանատուի, կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է ընդունվել 10 հիվանդ, իսկ 10 հիվանդն ըստ Արմեն Խաչատրյանի արտառոց չի համարվում:
Գյումրու բժշկական կենտրոնը մարզային է և դա պատճառը, որ կենտրոն դիմում են ոչ միայն Գյումրիից, այլ նաև մարզի մյուս համայնքերից: