Արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը աշխարհի հայ բժիշկներին կոչ է անում մասնակցել Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարին
SocietyՀայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա)։
Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, համագումարի նշանաբանն է «Առողջությունը խթանելու, ինտեգրելու և նորամուծության մարտահրավերներ»։
Համագումարի նախագահ, Արգենտինայում ճանաչված բժիշկ, վարակաբան, Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «Fidec Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը աշխարհի հայ բժիշկներին և բուժքույրերին կոչ է անում օգտվել ընձեռված հնարավորությունից և այցելել Բուենոս Այրես` լրացնելու գիտելիքները, փոխանակելու փորձը և համատեղ քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները։
Սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ 1976 թվականին Բեյրութում կայացած առաջին համագումարից սկսած այս կառույցն իր վրա է վերցրել կարևոր առաքելություն. միավորելով համայն աշխարհի հայ բժշկական ներուժը՝ զարգացնել հայրենիքի առողջապահական համակարգը։
Համաժողովները մեկ հովանու ներքո համախմբելու նպատակով 1990 թ. Մոնրեալում հիմնված Հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC)` սկսած 1992 թ. Փարիզի համաժողովից, լուրջ ներդրում ունեցավ համագումարների կազմակերպման գործում: Ներկայումս AMIC-ի նախագահը Ջերրի Մանուկյանն է (Կալիֆոռնիա, ԱՄՆ):
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմակերպիչների և Արգենտինայի հայ համայնքի հետ աշխատանքներ են տարել Հայաստանի բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը հնարավորինս մատչելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։