Շքեղությունը, որ թույլ են տալիս հայերն Ամանորին նախապատրաստվելիս, հաշվարկված չէ. հոգեբան
SocietyԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, խոսելով հետտոնական սթրեսների մասին, ասաց, որ հայերն այդպես էլ չեն սովորել հանգստյան օրերին վայելել ազատ օրերը. «Շքեղությունը, որ թույլ են տալիս հայերն Ամանորին նախապատրաստվելիս, հաշվարկված չէ: Հայերն առհասարակ չեն սովորել հանգստյան օրերին հանգստանալ եւ տոներին ավելի շատ հոգնում են։
Հիմնականում այս գործոնների պատճառով է, որ տոներից հետո մարդկանց մոտ սթրեսներ են առաջանում»:
Հոգեբանը նկատեց, որ հետտոնական սթրեսի գլխավոր պատճառը սպասումներն են,- հայտնում է ORER.am-ը։
«Ամանորը թե փոքրերի, թե մեծերի համար շարունակում է մնալ հեքիաթ, որին բոլորը հավատում են եւ որի հետ մեծ ակնկալիքներ են կապում, որոնք հաճախ իրականության հետ որեւէ առնչություն չունեն։
Ես կարող եմ ցանկանալ լինել տիեզերագնաց, սակայն ես հաշվի չեմ առնում իմ տարիքը, առողջական վիճակը՝ կարո՞ղ եմ, թե ոչ։ Եթե մարդն Ամանորից սպասում է ավելին, քան հնարավոր է, դա լուրջ հուզական ապրումներ է առաջացնում»,- ընդգծեց հոգեբանը։