Metro. Մխիթարյանը և Մատան «ցեմենտել» են իրենց տեղը
SportԱնգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Հալ Սիթիին», իսկ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում:
«Ինչպես Մոուրինյուն խոստացել էր, կատարվեցին փոփոխություններ, և Մատային և Մխիթարյանին տպավորելու հնարավորություն տրվեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:
Զույգը նախորդ անգամ մեկնարկային կազմում էր «Զարյայի» դեմ խաղում դեկտեմբերի 8-ին, սակայն նրանք այս անգամ էլ չձախողվեցին: Երկու ֆուտբոլիստներն էլ հիանալի պահեր ունեին աչքի ընկնելու առաջին խաղակեսում. Մատայի պարագայում հիանալի սեյվ կատարեց Յակուպովիչը, իսկ Մխիթարյանը 10 մետրից շեղ հարվածեց:
Սակայն երկու ֆուտբոլիստների որակները մեկնարկային 45 րոպեներում «Յունայթեդի» շարժիչ ուժն էին: Մատան մրցակցի տուգանային հրապարակի մոտակայքում անընդհատ վտանգ էր ստեղծում, իսկ այդ ընթացքում Մխիթարյանն իր անցումներով ճեղքում էր կիսապաշտպանության գիծը»,- գրում է կայքը: