Նավթի գինն ընկել է գրեթե 4 դոլարով
Brent մակնիշի նավթը հոկտեմբերի 14-ին Եվրոպայում կայացած առևտրաշրջանի ընթացքում էժանացել է 3,85 դոլարով՝ բարելի դիմաց մինչև 85,04 դոլար: Անկման տեմպերը (-4,3 տոկոս) ամենաբարձրն են եղել 2011 թվականի սեպտեմբերից ի վեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
WTI մակնիշի ամերիկյան նավթն էլ ավելի է էժանացել՝ 4,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 81,84 դոլար, ինչն առավելագույն անկումն է դարձել գրեթե երկու տարվա ընթացքում. այժմ դրա գինը 2012 թվականի հունիսի նշագծին է:
Գների փլուզումը, ինչպես նշում է «Վեդոմոստի»-ն, պայմանավորված է Էներգետիկայի միջազգային գործակալության՝ նախօրյակին հրապարակված կանխատեսմամբ, որը 2014 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումն իջեցրել է օրական 200 հազար բարելով՝ մինչև 92,4 մլն բարել: Այդպիսով, 2013 թվականի համեմատությամբ աճը կկազմի միայն 700 հազար բարել, ինչը պահանջարկի աճի ամենացածր տեմպն է վերջին հինգ տարվա ընթացքում:
Ընդսմին նավթի արդյունահանման աճը 2013 թվականի սեպտեմբերի համեմատությամբ կկազմի օրական 2,8 մլն բարել և առաջարկը կրճատելու կամ պահանջարկի աճը մեծացնելու համար կպահանջվի նավթի գնի հետագա անկում, ասված է զեկույցում: