Հրամանատարը հայհոյել է զինծառայողներին, որից էլ սկսվել է վեճը. պաշտպան
SocietyՍյունիքի մարզի զորամասերից մեկում վաշտի հրամանատարին ծեծելու մեջ մեղադրվող 6 ժամկետային զինծառայողներից Արման Միքայելյանի շահերի պաշտպանը պնդում է, որ կա վարկած, որ հրամանատարն է հրահրել վեճը՝ անհիմն վիրավորելով ու հայհոյելով զինծառայողներին: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Միքայելյանի շահերի պաշտպան Մարիամ Մկրտչյանը` նշելով, որ հրամանատարի ցուցմունքներում անհամապատասխանությունները շատ են:
Պաշտպանը նշեց, որ հրամանատարի ցուցմունքի համաձայն՝ վեճը սկսվել է զինծառայողների գինովցած լինելու պատճառով, սակայն փորձաքննության արդյունքում նրանց արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:
« Նա ասում է, որ հարբած են եղել, փորձել է կարգի բերել, նրանք էլ հարձակվել են իր վրա: Սակայն այլ վարկած էլ կա, որի համաձայն նա զինծառայողների եւ սպաների ներկայությամբ սկսել է հայհոյել ու վիրավորել զինծառայողներին, իսկ դա արգելված բան է»,-նշեց փաստաբանը:
Բացի դրանից, փատաբանը նշեց, որ քաշքշուկի հետեւանքով Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել, եւ երբ այդ մասին դատարանի դահլիճում հարցրել է տուժած հրամանատարին, նա ասել է, որ հրել է` ինքնապաշտպանվելու համար:
«Նախնական ցուցմունքի ժամանակ նա ասել է, որ ընդամենը մեկ անգամ է հրել Արման Միքայելյանին, սակայն, նրա մարմնի վրա ավելի շատ հարվածների հետքեր կան: Տուժողը անգամ բուժօգնությսն չի դիմել, սակայն Արման Միքայելյանը 10 օր գտնվել է հոսպիտալում: Հրամանատարը միայն աչքի կոպի կապտուկ է ստացել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով` կասկած է հարուցում նաեւ այն, որ հրամանատարը չի հիշում իր վրա հարձակվողներին, սակայն պարզ հիշում է, թե ովքեր են եղել կռիվը բաժանողները:
«Նա ասում է, որ իր վրա հարձակվել են Յուրի Հովհաննիսյանը եւ Արման Միքայելյանը, մնացածի անունները նա տվել է ենթադրելով ու վկաների հետ խոսելով, սակայն պարզ հիշում է, թե ովքեր են կռվողներին բաժանել: Սա մեծ կասկած է հարուցում»,-նշեց Մարիամ Մկրչյանը:
Ըստ մեղադրանքի 6 զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարելու պատճառով ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կ. Խաչատրյանին:
Սյունիքի մարզի զորամասերից մեկում վաշտի հրամանատարին ծեծելու մեջ մեղադրվող զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանը, Արման Միքայելյանը, Վազգեն Մխեյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Ասատրյանը եւ Հակոբ Վարդանյանը կալանավորված են:
Կապիտան Կարեն Խաչատրյանը այս տարվա մայիսին պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ 1 տարի փորձաշրջանով: Նա մեղավոր է ճանաչվել, այն բանի համար, որ հրաժարվելով իր վրա դրված զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, առանց թույլտվության չի ներկայացել զորամաս, ինչը զուգորդվել է զինվորական առանձին պարտականությունների կատարման փաստացի դադարեցմամբ: Բացի այդ՝ նա ինքնակամ լքել է դիտակետը եւ վերադարձել հաջորդ օրը: