Զիդան. Պատրաստ էինք նրան, որ մի օր պարտվելու ենք
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սեւիլիայից» կրած պարտությունը, որն ընդհատեց Արքայական ակումբի ռեկորդային անպարտելի շարքը:
«Պատրաստ էինք նրան, որ մի օր պարտվելու ենք: Ցավալի է հաշվի մեջ առջեւում լինել 85-րդ րոպեին եւ կրել պարտություն: Պարտությունն ընդունելուց այլ բան չի մնում մեզ: Սա ֆուտբոլ է: Ես հպարտանում եմ իմ խաղացողներով: «Սեւիլիան» հրաշալի թիմ է, եւ մեզ համար, իրոք, բարդ էր: Ինչ վերաբերում է Սերխիո Ռամոսին, ապա այդ ինքնագոլից հետո ոչինչ չփոխվեց: Նա այս թիմի առաջատարն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 67-րդ րոպեին 11 մետրանոցից առաջ էր մղել հյուրերին, սակայն վերջնամասում դաշտի տերերը խփել էին 2 գոլ եւ տարել կամային հաղթանակ: «Ռեալը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ակումբների շրջանում: