Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
– Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը:
– Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կարապետյանը տարբերվում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տեսակներ: Նրա մոտ արտահայտված է պրագմատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, թե տվյալ խնդիրը լուծման ինչպիսի հնարավորություններ ունի և գնալ դեպի դրանք:
Իհարկե, նրա` արտահայտված պրագմատիզմը, ինչպես նաև լակոնիզմը մեզ համար նորություն է: Նախկինում թե ինչպես են խնդիրները դրված եղել, ինչպես են լուծումներն առաջ քաշվել, եղել է քողարկված: Մենք դրանք չենք ընկալել: Իսկ ներկայում, թեկուզ փոքրիկ բեկորներից, որ տեսագրություններից երևում են, տեսնում ու հասկանում ենք դրանք:
Ի դեպ, նման մարդիկ սովորաբար առանձնապես խարիզմատիկ չեն լինում: Մեր վարչապետի պարագայում այդպես չէ: Նա նաև խարիզմատիկ լիդեր է: Բայց քանի որ մեր հասարակության մեջ պետական պաշտոնյայի կերպարի նկատմամբ մշտապես եղել է լուրջ կասկածամտություն, և ցավոք սրտի դա հիմք ունեցել է, ինչպես ասում են` «տառապանքս փորձ ունի», ապա այն դրական ազդակները, որ հասարակությունը ստանում է վարչապետից, փխրուն լավատեսություն է ձևավորում նրա մոտ: Մարդիկ կարծես ինչ–որ արդյունքների են սպասում, թեկուզ` ոչ այդքան շոշափելի: Եվ այդ սպասողական լավատեսությունը դեռևս պահպանվում է մարդկանց մոտ:
– Երբ հարց են տալիս, վարչապետը երբեմն պատասխանում է` ես չգիտեմ, կամ` դեռևս չգիտեմ: Սա էլ է կարծես նոր բան:Դրա՞ ազդեցությունն ինչպիսին է հասարակության մեջ:
– Դա էլ է խոսում նրա գործնական, պրագմատիկ մտածողության մասին: Ես այսպես եմ բացատրում. նա ճանապարհ անցած և ինքնահաստատված մարդ է: Իսկ ինքնահաստատված մարդիկ չեն վախենում ասել` ես չգիտեմ: Հակառակը` շատ տհաճ է, երբ ակնհայտորեն զգում ես, որ մարդը չգիտի հարցի պատասխանը, բայց սկսում է շրջանցել–խուսանավել ու իբր «պատասխանել»:
Այս դեպքում, երբ վարչապետին հարց է ուղղվում, ու նա ասում է, որ չգիտի, դա ավելի ազնիվ է, քան եթե խուսանավի ու պատասխանը լղոզի: Արդյունքում`իբր թե պատասխանեց, բայց իրականում` չպատասխանեց:
Դա ես դրականորեն եմ ընկալում և նոր ոճ եմ համարում մեր պետական կառավարման համակարգում: Մենք հավանաբար չենք ունեցել նման պաշտոնյաներ, որ ուղիղ նայում են մարդկանց աչքերին ու ասում են` ես չգիտեմ: Դրա համար էլ է պետք համարձակություն: Այնքան խառը և այնքան բարդ է ամեն ինչ, որ հնարավոր է վարչապետն ինչ–որ հարցի պատասխան դեռևս չունենա: Բայց եթե շատ հարցեր դրվեն նրա առաջ, ու ասի` ես չգիտեմ, ապա, անշուշտ, այնքան էլ դրական ֆոն չի ստեղծվի շուրջը:
– Վարչապետը նաև չի օգտագործում բարձրագոչ բառեր: Նրա խոսքն առավել պարզ է ու հասկանալի: Նույնիսկ խոսակցական լեզվով է հաճախ արտահայտվում: Ակնհայտ է նաև, որ նա հռետոր չէ: Իսկ` քաղաքական գործիչ և ոչ հռետոր. ինչպե՞ս համադրենք:
– Անշուշտ հռետորական ձիրքը քաղաքական գործչի կերպարին լրացուցիչ երանգներ է տալիս, նրան ավելի ազդեցիկ է դարձնում: Բայց, նորից ասեմ, որ կան ինտելեկտի տարբեր տեսակներ: Նա խոսում է պարզ, ժողովրդի լեզվով, և այդ փաստը դրական է ընկալվում մարդկանց կողմից: Նաև այն աշխատանքի պարագայում, որն ինքն է իրականացնում, սազում է և տեղին է նրա լակոնիկ ու հասկանալի ոճը:
Ես բոլոր դեպքերում դա դրական եմ գնահատում: Ասեմ, որ ժողովուրդն էլ է սիրում, երբ իրեն հասկանալի լեզվով են խոսում իր հետ: Ըստ էության, վարչապետն ավելի շատ տնտեսական ոլորտի, քան քաղաքական ոլորտի գործիչ է:
– Ասել է թե` նա շահեկանորեն տարբերվում է դաշտում եղած մյուս գործիչներից:
– Այո, տարբերվում է: Եվ նրան օգնում են խարիզմատիկ այն հատկանիշները, որ բնականից մարդն ունենում է: Նա կարծես հավատ է ներշնչում նաև: Առանձնապես ոչ իշխանությունների նվագն է նվագում, ոչ ընդդիմադիր ճառեր է ասում: Մարդը զբաղված է իր գործով, և չի ուզում առանձնապես, որ իրեն քաղաքականությամբ և այլով խանգարեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: