Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսային անցակետ չի լինի. ՀՀԿ պատգամավոր
Եվրասիական տնտեսական միությանն ադնամակցելուց հետո Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսային անցակետ չի տեղադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով' հարցը քննարկվել է կուսակցությունում, և նման բան բացառվում է:
Անդրադառնալով Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին' պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը մեծ շուկա է, որից Հայաստանը պետք է կարողանա օգուտ քաղել: «Մեր արտադրողը պետք է կարողանա գյուղատնտեսական մթերքների իր արտադրությամբ լրացնել այն, ինչ Եվրոպան պատժամիջոցների միջոցով փակում է նրա առջև: Այդ դեպքում, Հայաստանը կարող է նաև կամուրջ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև' տնտեսական հարաբերությունները կազմակերպելու ճանապարհին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին' Մինասյանը նշեց, որ եթե նախկինում եվրոպական պաշտոնյաների դիրքորոշումը խիստ կտրուկ էր, ապա այս ամիսներին մեծ թվով գործիչներ սկսել են գիտակցել, որ Հայաստանը հնարավորություն ունի միաժամանակ համագործակցել նաև Արևմտյան պետությունների հետ:
«Կարծում եմ, որ համագործակցությունը Եվրոպական միության հետ բազմաշերտ է լինելու և ընդգրկելու է կյանքի բոլոր ոլորտներին առնչվող խնդիրներ: Մենք Եվրոպայից հեռու չենք, և եվրոպական արժեքները մեզ համար խորթ չեն»,- ասաց պատգամավորը' հավելելով, որ հարաբերությունները շարունակելու նոր ձևաչափը պետք է որոշվի համատեղ քննարկումների արդյունքում: