Անահիտ Բախշյանի նյարդերը սկսել են տեղի տալ
AnalysisԱրդեն մի քանի օր է` մամուլը հեղեղված է Անահիտ Բախշյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկություններով: Լուրը ոչ միայն կայծակնային արագությամբ տարածվեց, այլ նաև շատ կարճ ժամանակահատվածում դարձավ օրվա թոփ թեմա:
Հրաժարականի մասին լուրին հաջորդեց նրա` «Լուսավոր Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը:
Որոշ ժամանակ այն ո՛չ հերքվում և ո՛չ էլ հաստատվում էր Ա. Բախշյանի կողմից և, ինչպես ասում են, մնացել էր օդում կախված: Ավելի ուշ հասարակական-քաղաքական գործիչը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստանի»՝ կուսակցությանն անդամակցելու առաջարկը մերժել է, իսկ «Ազատ դեմոկրատների» հետ բանակցությունները շարունակվում են:
«Փաստի» հեռախոսազանգին պատասխանելով` տիկին Բախշյանը դեռ հարցը չլսած սկսեց նեղսրտել, թե ինչու են բոլոր լրագրողները նույն հարցի պատասխանը փնտրում.
«Ես զբաղված եմ, ինձ մի անհանգստացրեք»,- ասաց Ա. Բախշյանը:
«Ե՞րբ կարող ենք զանգահարել» հարցն ավելի զայրացրեց հասարակական-քաղաքական գործչին:
«Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես չզանգահարեք: Բոլորը նույն հարցերն են տալիս: Չեք կարողանո՞ւմ մի քիչ կրեատիվ լինել և այլ հարցեր տալ: Ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել»,- կրկին զայրացած ասաց Ա.Բախշյանը:
Եթե նման վարքագիծ դրսևորեր նորաթուխ մի երիտասարդ, ով նոր-նոր պետք է սկսի իր կարիերան, ով նախկինում ո'չ քաղաքական անցյալ է ունեցել, ո'չ էլ ճանաչված է եղել, կարելի էր մտածել, որ նրան «աստղայինը տարել» է, բայց Անահիտ Բախշյանի դեպքում ընդամենն արձանագրենք, որ նրա նյարդերը, հավանաբար, սկսել են տեղի տալ:
Հակառակ դեպքում լրագրողի ներկայանալուց հետո, առանց հարցը լսելու, հայտնի գործիչն այդքան չէր զայրանա և դեռ մի բան էլ լրագրողին չէր մեղադրի «ոչ կրեատիվ հարցեր տալու մեջ»:
Հ.Գ. Ի դեպ, կրեատիվի սիրահարները պետք է որ իմանան` կրեատիվ հարցերը ծնվում են ոչ թե օդից, այլ քաղաքական կամ հասարակական գործիչների կրեատիվ պատասխաններից: Այնպես որ, կրեատիվություն պահանջելուց առաջ նախ պետք է կրեատիվ լինել, հետո նոր պահանջել:
Արմինե Գրիգորյան